Լիճքի փոքրիկներն արդեն նոր մանկապարտեզ ունեն

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում կայացավ նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի կողմից կտրվեց բացման ժապավենը։ Ներկա պաշտոնատար անձիք շրջեցին մանկապարտեզի խմբասենյակներում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին:

Բացվել է 3 խումբ՝ 96 տեղով։ Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ ներկա պահին Լիճքում հաշվառված է 3-5 տարեկան 250 երեխա, հետևաբար հետագայում անհրաժեշտ կլինի մանկապարտեզը ընդլայնել կամ բացել երկրորդը:

Մանկապարտեզը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով և Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ, որից 15 միլիոն դրամը կազմել է Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մանկապարտեզը գործելու է շուրջտարյա, որի համար գյուղապետարանի տարեկան ծախսը կազմելու է մոտ 25 միլիոն դրամ։